25/04/2023 16:51
Նախկինները հրեշտակ չէին, բայց հրեշ էլ չէին. այս մեկը, կարծեք թե, վերածվում է հրեշի. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Աշխարհիկներն հիմա անդադար հարցնում են՝ ինչու եկեղեցին չի բանադրում երկրի վարչապետին, աշխարհիկներն ավելի շատ են խոսում բանադրանքի մասին, քան հոգևորականները, բայց եթե հանկարծ եկեղեցին բանադրի որևէ մեկին, անմիջապես պիտի մեղադրեն՝ եկեղեցին վերադարձել է միջնադար։ Եկեղեցին հազվադեպ է բանադրում. հայ ժողովրդի բոլոր զավակներին անխտիր իր զավակն է համարում։ Բանդրանքը երկու նպատակ ունի՝ ուղղել մարդուն կամ ընդհանրապես «դեն նետել»։ Եկեղեցին հիմա չունի այն գործիքակազմը, որ որևէ իշխանության ստիպի ապաշխարել, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Եթե իմանամ, որ բանադրանքը որևէ մեկին դարձի կբերի, այո՛, կբանադրեմ, կամ՝ եթե իմանամ, որ բանադրանքի արժանի մեկին դեն նետելով այդ մարդն իրապես «դեն կնետվի», և իրեն հանրությունն ընդհանրապես կմերժի, ապա, այո՛, կբանադրենք»։
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ընդգծում է՝ առանց բանադրանքի էլ եկեղեցու կեցվածքը հստակ է։
Շիրակի թեմի առաջնորդի գնահատմամբ՝ Բարաբայի ազատագրումը պատահականություն էր, Բարաբան ինքը չէր սպասում, որ կազատվի, Պիղատոսը երկընտրանք առաջարկեց ժողովրդին՝ հուսալով, որ Աստծո որդին կազատվի։ Այն, որ ամբոխն ընտրեց Բարաբային, օրինաչափություն չէր, նույն կերպ պատահականություն է այս մարդու՝ վարչապետի հայտնվելը, և օրինաչափություն չէ ժողովրդի կամ ամբոխի կողմից նրա երկրպագությունը։
«Ամբոխի համար կարևոր էր նախկինների խաչվելը և ոչ խնդիրներից ազատագրումը, այդ նույն ամբոխը շարունակում է աջակցել գրծող իշխանությանը, որովհետև ուզում է նախկիններին խաչված տեսնել։ Նախկինների օրոք սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական բազմաթիվ թերացումներ կային, բայց նախկինների օրոք գոնե մեծ երկիր ունեինք, հաղթանակած բանակ ունեինք, պետական կառույցներ ունեինք գործող, բայց այս ամենը մեր ժողովրդի համար նվազ կարևոր է դառնում, կարևորվում են սրա-նրա ապարանքների հարցերը, այնինչ, հայրենիքի սահմաններին, անվտանգությանը որևէ այլ բան չպետք է հակակշռեր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։