25/04/2023 10:24
Մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանն ակնհայտ շտապում է․ Տիգրան Աբրահամյան
Չնայած այն հանգամանքին, որ դեռ 2 օր առաջ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղակայման մասին, իրադարձություններն այդքան էլ հարթ չեն ընթանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն հատվածում` կամուրջի վրա, որտեղ Ադրբեջանը մեծ նախապատրաստական աշխատանք էր նախաձեռնել, աշխատանքները ընթանում են դադարներով, բավականին դանդաղ:
Ռուս խաղաղապահները փորձում են կանխել աշխատանքները, քանի որ ՌԴ-ի հետ քաղաքական բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ ՌԴ ԱԳ նախարարը դեռ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ ադրբեջանական անցակետ չի լինելու:
Այդ ժամանակ խոսք էր գնում միայն ռենտգեն սարքի տեղադրման մասին, որով միայն բեռնատարներն էին ստուգվելու, սակայն Ադրբեջանը խառնել է խաղաքարտերը և փորձում է արագացնել գործընթացները, սակայն չսահմանափակվելով միայն ռենտգեն սարքի տեղակայմամբ:
Կհաջողիվի՞ ՌԴ-ին Ադրբեջանին հետ կանգնեցնել նոր արկածախնդրությունից և նրան վերադարձնել եռակողմ փաստաթղթի դաշտ՝ դժվար է ասել, սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանն ակնհայտ շտապում է:
Մյուս կողմից` անցակետի տեղակայման աշխատանքի հիմնական մասն Ադրբեջանն ավարտել է և մեծ է ռիսկը, որ կփորձի այն գործարկել», - գրել է նա: