25/04/2023 20:08
«Կոփում ենք մեր կամքը, բարձրացնում ռազմական գործին տիրապետելու աստիճանը»․ Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը
Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Պաշտպանության բանակի կողմից կազմակերպված ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին մասնակցում են Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի, Պատարայի, Խնածախի, Մարտունու համար 1, Գիշու, Մարտակերտի համար 1, Վանքի, Հադրութի Մ. Մանվելյանի անվան և Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցների թիմերը:
Ռազմամարզական խաղերի մասնակիցները մրցում են ֆիզիկական ու շարային պատրաստությունից, ինքնաձիգը ոչ լրիվ քանդել- հավաքելու, պահեստատուփի լիցքավորման, քաղպաշտպանության, առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործում։
Արցախի ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը պարտավորեցնող է համարում «Արծվիկ» ռազմամարզական խաղերի կազմակերպումը ներկա իրավիճակում:
«Յուրաքանչյուրդ ակտիվ մասնակցությամբ պիտի իր լուման ներդնի մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, քանի որ նման խաղերի միջոցով մենք կոփում ենք մեր կամքը, զարգացնում՝ ֆիզիկական ունակությունները, բարձրացնում ռազմական գործի տիրապետման աստիճանը»,-ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ ապագա հաղթանակները կերտվում են նման միջոցառումների շնորհիվ:
ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանն ուրախությամբ է նշել, որ այս տարի ավելի շատ մասնակիցներ են ընդգրկվել խաղերին:
Նռնակի նետման մրցաձևում, բացի հեռավորությունը, այս տարի հաշվի է առնվելու նաև դիպուկ նետումը:
Եռօրյա խաղերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերն ու անհատ մասնակիցները կարժանանան Արցախի Հանրապետության ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարության, ինչպես նաև այլ կառույցների պարգևներին ու պատվոգրերի: