25/04/2023 19:30
«Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտում իրականացնել Արցախում»․ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահի հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրոսցի պատգամավոր, խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստանի անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է` ՀՀ-ն փորձում է խաղաղ ճանապարհով Ադրբեջանի հետ փոխհամաձայնության գալ, բայց Ադրբեջանը շարունակում է իր առավելապաշտական մոտեցումները: Պատգամավորը նշել է, որ այս իրավիճակում երկարաժամկետ խաղաղության հասնել հնարավոր չէ: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը Եվրոպական խորհրդարանից գործուն քայլեր է ակնկալում. մասնավորապես, որպեսզի կառույցը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ վերջինս կատարի Արդարադատության միջազգային դատարանի վճռով իրեն վերապահված պարտավորությունները:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հյուրերի ուշադրությունն է հրավիրել Արցախի շրջափակմանը: Ըստ պատգամավորի` դա քաղաքական խնդիր է, որի հետեւանքով հումանիտար խոր ճգնաժամ է առաջացել: Խորհրդարանականը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում իրականացնել Արցախում:
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը տեղեկացրել է, որ այցի ընթացքում եղել է Սյունիքի մարզում, արձանագրել ադրբեջանական առաջխաղացումները: Այդ համատեքստում Եվրոպական խորհրդարանի պատգամավորը վստահեցրել է հայ գործընկերներին` ՀՀ-ում ստեղծված իրավիճակի ու խնդիրների մասին զեկույց է պատրաստելու եւ ներկայացնելու է ինչպես Եվրոպական խորհրդարանին, այնպես էլ Եվրահանձնաժողովին: