25/04/2023 22:32
Ոչ մի արցախցի չի անցնի Ադրբեջանի անցակետով՝ Ադրբեջանի դրոշի ներքո․ Արցախի ՄԻՊ
Անգամ ռուսական խաղաղապահների կողմից հումանիտար բեռներ Արցախ բերելու հարցում Ադրբեջանը լրջագույն և արհեստական խոչընդոտներ է հարուցում՝ խոչընդոտելով նաև խաղաղապահ զորակազմի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ սա՝ այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության համաձայն՝ միջանցքի վերահսկողությունը գտնվում է ռուսական խաղաղապահների անմիջական հսկողության ներքո, «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից Հակարի գետի կամրջի վրա ապօրինի անցակետ տեղադրելու հետևանքով Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերը, որոնք շրջափակման առաջին իսկ օրից կտրված էին մայրաքաղաք Ստեփանակերտից, կորցրել են կապը նաև Հայաստանի հետ, իսկ այդ համայնքներում պաշարները սուղ են։
«Ազատության» հարցին՝ «դատելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններից՝ այդ անցակետն արտառոց մի բան չէ, ընդհակառակը՝ «ապահովելու է անվտանգություն, լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու», սակայն Դուք դա էթնիկ զտման գործիք եք անվանում։ Ինչպե՞ս է դա լինելու, ի՞նչ մտավախություն ունեք այս իմաստով», Գեղամ Ստեփանյանը պատասխանել է․
«Շատ ուղիղ. Արցախում որևէ մեկը չի պատրաստվում Լաչինի միջանցքով անցնելիս ստուգման ենթարկվել ադրբեջանական ծառայությունների կողմից կամ հաշվետվություն տալ ադրբեջանական ծառայողներին, թե ուր է գնում և ինչ նպատակով է գնում, կամ Արցախ վերադառնալու պարագայում նման գործընթացներ անցնել։ Արցախում որևէ մեկը չի պատրաստվում հանդուրժել, որ Լաչինի միջանցքը, որը եռակողմ հայտարարությամբ պետք է ազատ տեղաշարժ ապահովի, պետք է անցնել ադրբեջանական դրոշի ներքո կամ ադրբեջանական ծառայողների վերահսկողության ներքո»։