25/04/2023 12:11
Խուլիգանություն՝ գիշերային ակումբում․ կասկածյալներից մեկը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 02։00-ի սահմաններում Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում խուլիգանություն է տեղի ունեցել։
Գիշերային ակումբում աշխատակիցները փորձել են ոստիկաններին մոլորեցնել՝ հայտնելով, որ ոչինչ տեղի չի ունեցել, և այդ ամենը սուտ է։ Սակայն, րոպեների ընթացքում ժամանած ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի բնակիչներ 36-ամյա Դավիթ Մինասյանը և 33-ամյա Գոռ Մարտիրոսյանը իրենց ընկերների հետ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, դիտավորյալ կոպիտ կերպով՝ շուրջ 10 րոպե շարունակ խախտել հասարակական կարգը, բռնություն են գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետև նույն վարքագիծը դրսևորել ակումբից դուրս ընկած ճանապարհի երթևեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթևեկությունը, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Դ․ Մինասյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Դ․ Մինասյանին, Գ․ Մարտիրոսյանին, ինչպես նաև՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։