25/04/2023 20:18
Ռուսաստանը կառավարողների մեջ երբեք ոչ մի դավաճան չի եղել, բոլորն իրենց կյանքը նվիրել են ժողովրդին ու պետությանը ծառայելուն․ Պատրիարք Կիրիլ
Ռուսաստանի կառավարիչների մեջ ոչ մի դավաճան չի եղել, բոլորն իրենց կյանքը նվիրել են ժողովրդին ծառայելուն, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
«Եթե նույնիսկ քննադատաբար գնահատելու լինենք Ռուսաստանի իշխանության ղեկին եղած բոլոր անձանց գործունեությունը, ապա, իհարկե, ինչ-որ մեկի մասին կարելի է գովասանքի խոսքեր ասել, մյուսի մասին՝ մի փոքր ավելի քիչ գովելի խոսքեր, բայց նրանց շարքում և ոչ մեկը դավաճան չի եղել։ Նրանք եղել են մարդիկ, որոնք իրենց կյանքն ու ճակատագիրն ամբողջությամբ հանձնել են Աստծո ձեռքը և նվիրել են ժողովրդին ծառայելուն»,- ասել է պատրիարք Կիրիլը՝ Կրեմլի Հրեշտակապետաց տաճարում քարոզի ժամանակ։
Ռուսաստանի հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ իրենց երկրի պատմության ընթացքում եղել են նաև սրբերի շարքին դասված իշխանավորներ՝ ոչ միայն այն բանի համար, որ լավ են կառավարել, այլև իրենց կյանքի ընթացքում արված սուրբ գործերի համար, և նրանց օրինակը պետք է վառ պահել։
«Նրանք ապրել են ոչ թե իրենց համար, այլ եկեղեցուն, ժողովրդին ու պետությանը ծառայելու համար»,- ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը։