25/04/2023 13:41
Եզրափակչի ավարտին 6 վայրկյան էր մնացել, հասկացա, որ Եվրոպայի եռակի չեմպիոն եմ. Արսեն Հարությունյան
Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, որը կարիերայում երրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով: Հայտնում է ArmSport.am-ը։
«Ելույթներս լավ եմ գնահատում: Այս մրցմանը շատ լավ էի պատրաստվել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես:
Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը, քանի որ ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ նրան հաղթել: Այս Եվրոպայի առաջնությունից հետո տեղափոխվելու եմ 57 կգ քաշային կարգ, իսկ մրցակիցս 57 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն էր:
Երբ նայեցի ցուցատախտակին ու տեսա, որ 6 վայրկյան է մնացել գոտեմարտի ավարտին, զգացի, որ իր ձեռքերի մեջ այլևս ուժ չկա, ու ինքն այլևս չի կարողանա հնարք անել, այդ ժամանակ մատներով ցույց տվեցի 3 թիվը՝ հասկանալով, որ դառնում եմ Եվրոպայի եռակի չեմպիոն: Շատ էի ուրախացել»,- ասել է Արսեն Հարությունյանը։
61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտել է Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովի հետ և 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարել: