25/04/2023 12:32
Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա
Ազգային ժողովը քննարկում է 2023 թ. մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ Համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել 64 մլն ԱՄՆ դոլար արժեքով 64 000 բաժնետոմս, իսկ հայկական կողմը պարտավորվում է ապահովել մասնակցության մասնաբաժնի ընդունումն ու վճարել համապատասխան մասնաբաժիններով առաջիկա չորս տարիների ընթացքում։
«2024-2027 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է 16 միլիոն դոլարին համարժեք ռուբլի վճարում կատարել։ Գործընթացի ավարտին 67 միլիոն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում ՀՀ ներկայիս 0,007% մասնաբաժինը էապես կավելանա՝ կազմելով 4,23%»,- ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս քայլով Հայաստանը Ռուսաստանի հետ վերահաստատում է շահագրգռվածությունը՝ շարունակել խորացնել հարաբերությունները ԵԱԶԲ-ի հետ։
«Այս քայլը հնարավորություն կտա մեծացնել մեր վարկային պորտֆելը, մեծացնել ներդրումային պորտֆելը։ Սա հնարավորություն կտա մինչև 500 միլիոնի բարձրացնել մեր սահմանաչափը ու հասանելիություն ապահովել մեր մասնավոր հատվածի սուբյեկտներին՝ համապատասխան ֆինանսական ռեսուրների»,- նշեց փոխնախարարը։
ԵԱԶԲ ներկայիս պորտֆելում Հայաստանը ունի 5,6 տոկոս կշիռ, որը 256 միլիոն դոլար է։