25/04/2023 17:01
Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի խաղաղության հնարավոր պայմանագիրը․ Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մասին միջազգային հանրության կոչերին՝ կասկած հայտնելով, որ Ադրբեջանը կպահպանի խաղաղության հնարավոր պայմանագրի դրույթները։
«Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ն, իրենց մտահոգությունն են հայտնել այս առնչությամբ։ Հետաքրքիր է, որ բոլոր այս երեք երկրները և Եվրոպական Միությունը կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր ստորագրել։
Այստեղ կարևոր հարց է առաջ գալիս։ Եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդ դեպքում որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտելու նաև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը և Եվրոպական Միությունը պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի իրականացումը», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը։