25/04/2023 11:48
Եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա կիրականացվի. ՆԳ փոխնախարարը՝ ակումբներից մեկում կատարված հատուկ օպերացիայի մասին
2023 թվականը ՀՀ ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից, ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է ռիսկը թմրամիջոցների շրջանառության։ Արդեն իսկ որոշակի դրվագներ ունենք տարբեր ակումբների շրջանակներում», - ասաց նա՝ անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։
Ինչ վեաբերում է խոսակցություններին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել՝ նա ասաց, թե եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն, ապա դա անպայմանորեն վրա կհասնի։
«Այս պահի դրությամբ կդժվարանամ ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ՝ եղե՞լ է, թե՞ ոչ, բայց վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում մենք ունենում ենք հաղորդումներ, և Ոստիկանությունն իր իրավասության, հետագայում Քննչական կոմիտեն իր իրավասության շրջանակներում համապատասխան արձագանք են ապահովում»,- ընդգծեց փոխնախարարը։
Սարգսյանն ասաց, թե եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։