25/04/2023 10:06
«Հրապարակ». ՆԳՆ-ն կասկածում է ԱԳՆ-ում աշխատողներին, որ ինֆորմացիայի արտահոսք կապահովեն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի որոշումներից մեկում։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՆԳ նախարարությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումները նախապես չհամաձայնեցնել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ «ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված»:
«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է նախագծում: Ապա ավելի մանրամասն հիմնավորում են․ «Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների` օտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ առաջարկություններն այլ գերատեսչությունների հետ նախապես համաձայնեցնելն անհնար է, ինչը հիմնականում պայմանավորված է հետևյալ ծառայողական առանձնահատկություններով. օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված և ձերբակալված հետախուզվող անձին ՀՀ էքստրադիցիայի (էտապավորում) ենթարկելիս նրա տվյալների և գործուղման գործընթացի հրապարակումը կարող է հանգեցնել տեղեկատվության արտահոսքի, որը կստեղծի լուրջ վտանգներ` ինչպես գործուղված անձանց, այնպես էլ ձերբակալված հետախուզվող անձի համար:
Հասանելիությունը` տուժող կողմին, կարող է հանգեցնել հաշվեհարդարի իրականացման, ինչպես նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ գործուղումները հիմնականում իրականացվում են շատ կարճ ժամկետներում, և եվրոպական երկրներից հետախուզվող անձին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ բավարարումները ստացվում են կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը լրանալուց հաշված օրեր առաջ և այլն»։ Եթե կարճ բացատրենք այս նախագծի իմաստը, ապա կստացվի, որ ՆԳՆ-ն կասկածում է ԱԳՆ-ում աշխատողներին, որ նրանք ինֆորմացիայի արտահոսք կապահովեն եւ կձախողեն հանցագործներին Հայաստան տեղափոխելու գործը»։