26/04/2023 11:56
Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացին, որը ձերբակալվել էր, ապա` ազատ արձակվել, նպատակ ունի բողոքարկել ձերբակալման որոշումը. Փաստաբան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկո՛լ, դավաճան» անվանած քաղաքացին, որը ձերբակալվել էր, ապա` ազատ արձակվել, նպատակ ունի բողոքարկել իրեն ձերբակալելու որոշումը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե դեռ տեղեկություն չունի՝ արդյոք քաղաքացին արդեն բողոքարկե՞լ է որոշումը, բայց հակված է դրան։
«Կարծում եմ՝ եթե ոչ այսօր, ապա վաղը դրա մասին հրապարակավ կհայտարարենք», - ասաց նա։
Մելիքյանի խոսքով՝ երեկ Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում, որտեղ գտնվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակը, տեղի է ունեցել Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ չնախատեսված պատճառով անձին ազատությունից զրկելու դեպք։
«Քաղաքացին պատահաբար նկատել է ու իր կարծիքն է հայտնել՝ ընդամենը վանկարկելով «դավաճան», միանգամից եկել են ու բերման ենթարկել։ Ոստիկանները զեկուցագիր են գրել, թե այդ պահին քաղաքացուն կասկածել են սառը զենք կրելու ու պահելու մեջ, սա շատ զավեշտալի է, որովհետև դրա համար ոչ մի հիմք չկար», - նշեց փաստաբանը։
Սամվել Վարդանյանին ոստիկանական բաժանմունքում պահել են 1,5 ժամ։
Մելիքյանը պնդում է՝ բոլոր նման դեպքերում պետք է տեղի ունենա բողոքարկում, որ բարձրացվի այն ոստիկանների պատասխանատվության հարցը, որոնք ստորագրում են ակնհայտ անհիմն բնույթ կրող զեկուցագրեր։
Ոստիկանական բաժանմունքում չեն ասել, որ «Նիկո՛լ, դավաճան» վանկարկման համար են ձերբակալել երիտասարդին, ձերբակալման միակ պատճառը եղել է սառը զենք կրելու կասկածանքը։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել երեկ՝ ժամը 21։00-ի սահմաններում՝ Երևանի Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում. այդ հատվածում է գտնվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, որտեղ երեկ այցելել էր Նիկոլ Փաշինյանը։