26/04/2023 19:00
Փաշինյանը գերմանական ճարտապետական կազմակերպության ներկայացուցչի հետ «Ակադեմիական քաղաքի» կառուցման հարցն է քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցին, տեղեկացնում են կառավարությունից։
«Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պարոն Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ: Միաժամանակ, նա անդրադարձել է իր ճարտարապետական նախագծերին՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության և անձամբ իր համար ունի շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետևողականորեն շարժվում է նախագիծը հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, երեք կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ԿԳՄՍՆ-ի հետ՝ ըստ համապատասխան ժամանակացույցի»,- նշված է հաղորդագրությունում: