26/04/2023 23:00
Հայաստանի ԱԽ քարտուղարը 3 րոպեում 3 անգամ կրկնեց՝ «Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»․ «պատկանում է», ոչ թե վերահսկվում
Հանրային հեռուստաընկերության եթերում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների թեմայով հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 3 րոպեում 3 անգամ կրկնեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։
«Մի բան շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները»,- առաջին անգամ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հաղորդավարի ճշտող հարցին՝ պատկանու՞մ է ՌԴ-ին, թե՞ վերահսկվում է ՌԴ կողմից, Գրիգորյանը վերահաստատեց իր պնդումը․ «Պատկանում է»։
«Պատկանում է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի Դաշնությանը, և այս պահին այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասաց ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է գործի, որ 120 000 հայերն, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտման չենթարկվեն։
«Եթե բանակցություններով չեն լուծվում այդ հարցերը, ապա պետք է գործողություններ հետևեն»,- Ռուսաստանից իր ակնկալիքները հայտնեց Գրիգորյանը։
«Կա օբյեկտիվ իրականություն․ ինչպես նշեցի, նոյեմբերի 9-ով Լաչինի միջանցքը ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այստեղ ոչ ոք չի կարող ոչ մեկին մեղավոր նշանակել․ կա պատասխանատվություն, և պատասխանատվությունը թղթով հստակ է, բանավոր հայտարարություներով չէ, որ հստակ է»,- հավելեց Արմեն Գրիգորյանը։