26/04/2023 17:36
«Ո՛չ Ստեփանակերտի հետ կապ ունենք, ո՛չ Սյունիքի մարզի․ երկկողմանի շրջափակման մեջ ենք, եթե մարդկանց սնունդ չհասցվի՝ սովամահ կլինեն». Լիսագորի գյուղապետ
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը զավթելուց հետո, սկսել է մաքսակետեր տեղադրել։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ։
168.am-ի հետ զրույցում Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասել է, որ դեկտեմբերի 12-ից հետո գյուղի բնակչությունը Հայաստանի Սյունիքի մարզի հետ կապ ուներ, իսկ այժմ չորս կողմից շրջափակված են։
«Հիմա մենք ո՛չ Ստեփանակերտի հետ կապ ունենք, ո՛չ Սյունիքի մարզի, տեղաշարժի հնարավորություն չկա։ Փաստորեն, ստացվում է, որ երկկողմանի շրջափակման մեջ ենք։ Ապրիլի 23-ից մինչև այսօր մեզ մոտ ոչ մի մեքենա չի կարողացել մտնել։ Փառք Աստծո, մինչև այս պահը արտակարգ դեպքեր չենք ունեցել, եթե մարդիկ որևէ առողջական գանգատ են ունենում, գնում են գյուղի պոլիկլինիկա»,- նշել է Գագիկ Նասիբյանը։
Ըստ գյուղապետի, բնակիչներն այժմ օգտագործում են տանը եղած սնունդը։
«Եթե իրավիճակն այսպես շարունակվի, բնականաբար, խնդիրներ են լինելու։ Երկկողմանի շրջափակման մեջ ենք, եթե մարդկանց սնունդ չհասցվի՝ սովամահ կլինեն, ուստի այդ մաքսակետերը չեն կարող այդտեղ մնալ։ Լավ բան չի սպասվում, սակայն, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հարցերը պիտի լուծվեն»,- եզրափակել է Լիսագորի գյուղապետը։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արդեն մարտի 30-ին առաջխաղացում էին ապահովել նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որտեղ ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները դիրքավորվել են Տեղի բնակիչներին պատկանող դաշտերում։ Նույն այդ հատվածում էլ ապրիլի 11-ին կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 6 վիրավոր։
Հիշեցնենք նաև՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: