26/04/2023 23:30
Սամվել Վարդանյանն առայժմ չի ցանկանում հանրայնացնել իրեն քաղաքական դիրքորոշման համար աշխատանքից ազատած գործատուի անունը․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացուն իր դիրքորոշումն արտահայտելու համար աշխատանքից ազատելու փաստին․
«Նիկոլին «դավաճան» անվանած ու այդ պատճառով երեկ ձերբակալված Սամվել Վարդանյանն այսօր հանրայնացրել է իրեն աշխատանքից ազատելու փաստը - երեկ ժամը 20:55-ին՝ հայտնի դավաճանին «առերեսվելիս», նա հենց աշխատանքի էր շտապում։ Երբ ձերբակալումից ազատվելուց հետո ներկայացել է այն հյուրանոցը, որտեղ աշխատում էր, պարզվել է, որ դրա «քաղաքականությամբ չզբաղվող» ղեկավարությունը այլևս չի ցանկանում, որ Սամվելն իրենց մոտ աշխատի։
X հյուրանոցի ղեկավարությունը, կարծում եմ, երեկ չի գիտակցել, թե ինչ է անում։ Չի գիտակցել, որ մարդուն քաղաքական դիրքորոշման համար է աշխատանքից ազատել, և շատ մեծ «շանս ունի» հայտնվելու նույն դիրքորոշումն ունեցող հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդկանց զայրույթի ու ցասման թիրախում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուղղակի Սամվելը շատ «պարյադըչնի» մարդ է ու առայժմ չի ցանկանում հանրայնացնել հյուրանոցի անունը։
Բայց այս գրառումը X հյուրանոցի վախկոտ ղեկավարության մասին չէ։ Բնավ։ Այս գրառումն այն մասին է, որ արդեն երեք ընկերներ միայն իմ միջոցով են հետաքրքրվել Սամվելի մասին ու պատրաստվում են նրան աշխատանքի առաջարկ անել»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։