26/04/2023 20:15
Գրիգոր Նարեկացին, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե՛ հայ գրականության, թե՛ հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը․ Հռոմի Պապ
Չորեքշաբթի` ապրիլի 26-ին, Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Ֆրանցիսկոս Պապն անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման, այդ մասին տեղեկություն է հրապարակվել Վատիկանի պաշտոնական կայքում, ինչպես նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը․․․»։ «Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո՝ որին կոչված են բոլոր քրիստոնյաները, փայլուն օրինակ է»։ Նորին Սրբությունը նաև նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե՛ հայ գրականության և թե՛ հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»։
Հայ սրբի մասին Հռոմի Պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, այդ թվում՝ արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով։
Ինչպես հայտնի է, 2015թ․ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի քահանայապետը հայ միջնադարյան հոգևորական-աստվածաբանին հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ 2021թ․ փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվեց որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր, նշում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։