26/04/2023 18:43
«Կեղծ էկոակտիվիստները, բնապահպանական կարգախոսերի քողի ներքո, ցանկանում են խարխլել մեր տնտեսությունը»․ Ռուսաստանի գլխավոր դատախազ
Ռուսաստանի դատախազությունը կկանխի օտարեկրյա ՀԿ-ների կողմից երկրի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ, հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը՝ Դաշնային խոհրդում գերատեսչության տարեկան զեկույցը ներկայացնելիս։
«Այս ուղղությամբ դեռ աշխատանք կա տանելու, մենք կանխելու ենք օտարկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից մեր երկրի ներքին քաղաքականությանը խառնվելու և դրա վրա ներազդելու ցանկացած փորձ»,- ասել է Կրասնովը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականին Ռուսաստանում անցկանկալի են ճանաչվել ևս 11 օտարերկրյա հասարակական կազմակերպություններ, որոնց թվում՝ լատվիական, լիտվական ու լեհական։
ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ մտահոգության մի առանձին թեմա էլ կեղծ էկոակտիվիստներն են, որոնք, «բնապահպանական լոզունգների քողի ներքո», իրենց ներքին նպատակներն են հետապնդում։
«Կեղծ էկոակտիվիստները, որոնք բնապահպանական կարգախոսերի քողի ներքո են թաքնվում, մեր տնտեսությունը խարխլելուն ուղղված գործունեությունից բացի, փորձում են հասնել նաև օրենսդրական փոփոխությունների, որոնք ուղղակիորեն հակասում են մեր ազգային շահերին»,- ասել է Կրասնովը՝ տեղեկացնելով, որ նման հերթական կազմակերպությունն է անցանկալի ճանաչվել Ռուսաստանում։
«Այսպես կոչված՝ բնապահպանական կազմակերպություններից մեկը՝ Նորվեգիայի «Բելլոնա» բնապահպանական հիմնադրամը, էկոլոգիական խնդիրներով զբաղվելու փոխարեն, ակտիվորեն զբաղված էր ֆեյքեր «աճեցնելով» և Ռուսաստանի զինված ուժերին հեղինակազրկելու փորձերով»,- ասել է Ռուսաստանի գլխավոր դատախազը։
Նրա խոսքով՝ արվելու է հնարավորը, որպեսզի անցանկալի հռչակված կազմակերպությունները հետագայում Ռուսաստան վերադառնալու և այնտեղ իրենց գործունեությունը վերսկսելու հնարավորություն չունենան։