26/04/2023 16:38
Թռչնաբույծներն ահազանգում են՝ Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ․ Hetq.am
Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները:
Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝ մինչև 72 ժամ, պահպանման ջերմային ռեժիմը՝ -1 մինչև +4c)։ Դրանից ավել պահելու համար այն սառեցվում է։ Շուկայում թարմ-պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը։
Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։
«Այդ թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերն այստեղ չեն գործում հենց քվոտավորման շրջանակներում: Ստացվում է, որ հայկական արտադրության պաղեցված թռչնամիսն առավելագույնը երեք օրվա է, իսկ ներմուծվածը, թեև իրականում պաղեցված չէ և իրացվում է 10-15 օրում, ավելի էժան է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։