26/04/2023 17:10
Շիրակում 9-ամյա տղայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ․ երեխան հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan-ը։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում «Մուշ» սուպերմարկետի հարևանությամբ տղա երեխայի ձեռքը մնացել է լավաշի հաստոցի տակ։
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի 10/11 հասցեում գործող լավաշի արտադրամասում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Արթիկ քաղաքի բնակիչ 9-ամյա տղա երեխայի ձեռքն արգելափակվել է լավաշի հոսքագծի լավաշ ընդունող ատամնավոր լիսեռի տակ։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, փռի աշխատակիցները երեխայի ձեռքը դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են աջ ձեռքի նախաբազկի ճզմված-պատռված վնասվածք, այնուհետև Գ․ Մանուկյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։