26/04/2023 19:12
«Կոչ ենք անում Բաքվին՝ անմիջապես փոխել կուրսը և հանձն առնել կարգավորել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով»․ Կալյուրանդ, Կովաչև, Զովկո
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելջանա Զովկոն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման վերաբերյալ, տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ հրապարակելով հայտարարության տեքստը, որն իրեն է փոխանցել Մարինա Կալյուրանդը․
«Մենք արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը 2020թ. ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման վերաբերյալ։ Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության պարզ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի պարտադիր բնույթ կրող որոշման խախտման դրսևորում, որը պարտադրում է Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, բեռների և փոխադրամիջոցների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ 2 ուղղություններով։
Մենք վերահաստատում ենք, որ միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը շարունակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ պատճառելով հումանիտար զրկանքներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես մշուշելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողությունները լրացուցիչ սրում են իրավիճակը։ Կոչ ենք անում Բաքվին անմիջապես փոխել կուրսը և հանձն առնել՝ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով և հարգել միջազգային պարտավորություններն ու նորմերը։
ԵՄ-ն շարունակում է պատրաստակամությամբ օժանդակել կողմերին, բանակցությունների միջոցով արձագանքել բոլոր դժվարություններին։
Ավելին՝ ցավալի է, որ նման գործողությունները տեղի են ունեցել 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցի՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին։ Մեր հարգանքի տուրքն ենք հայտնում 1,5 միլիոն հայերին, ովքեր բնաջնջվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոնություն ցուցաբերել սադրիչ հռետորաբանության և գործողությունների բոլոր դրևորումների առնչությամբ, որոնք բորբոքում են ատելությունը, ինչպես նաև խոչընդոտում հաշտեցմանը»։