27/04/2023 12:01
ՀՀ կառավարության պարտքը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ՝ 10 միլիարդ 86 միլիոն դոլար
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը։
2022 թվականի ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունում, այդ թվում՝ ՀՀ գործընկեր երկրների տնտեսություններում տեղի է ունեցել տնտեսական աճի դանդաղում։
«Համավարակի ու 44-օրյա պատերազմի շոկերից հետո տնտեսության 2021 թվականի վերականգնման տեմպերն արագացան 2022-ի տարեսկզբին։ Չնայած Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցությունների հետևանքով տնտեսության ակտիվության մարտ ամսի որոշակի դանդաղմանը՝ ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման ու ՏՏ ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխման արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ արագացան հատկապես ծառայությունների ոլորտում, արդյունքում՝ 2022-ին գրանցվեց 12,6 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2022 թվականին տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավում, ինչի արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,9 տոկոսը։
«Նախորդ տարվա համեմատ՝ պետական բյուջեի և՛ եկամուտներում, և՛ ծախսերում արձանագրվել է աճ, մասնվորապես, եկամուտներն աճել են 22,5 տոկոսով կամ 379,3 միլիարդ դրամով, ծախսերը՝ 11,9 տոկոսով կամ 238,3 միլիարդ դրամով», - նշեց նախարարը։
2022 թվականի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք 104,4 տոկոսով ապահովել են օրենքով հաստատված ցուցանիշը։
Հովհաննիսյանի խոսքով՝ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահվելու ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում. արդյունքում՝ բյուջեով պլանավորված ՀՆԱ-ի նկատմամբ 3 տոկոս պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է դեպի ներքև ու կազմել 2,1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով։
Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46,7 տոկոս՝ կանխատեսված 60,2 տոկոսի փոխարեն. նախորդ տարվա համեմատ նվազել է 13,6 տոկոային կետով։
«Կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ՝ 10 միլիարդ 86 միլիոն դոլար։ Ընդ որում՝ կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ», - նշեց ՀՀ ֆինանսների նախարարը։
Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։