27/04/2023 12:37
ՄԻՊ-ը ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե ստատուս գրող և օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող՝ սուբյեկտային իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական բողոքներին և անհատական գործերին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Վստահեցնում եմ, որ եթե գործը վերաբերում է կոնկրետ գործերին, որոնք մեր մանդատի շրջանակներում են, բնականաբար, դրա վերաբերյալ եզրահանգումներ ու հստակ դիրքորոշումներ լինելու են։ Քաղաքացին կարող է դիմել ՄԻՊ-ին, և անհատական բողոքի քննության շրջանակներում կարող ենք իրավունքի պաշտպանության հետ կապված գործընթաց իրականացնել», - ասաց պաշտպանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու ՄԻՊ-ը հասցեական չի անդրադարձել դեպքին, երբ քաղաքացուն աշխատանքից ազատել են «Նիկո՛լ, դավաճան» հայտարարությունն անելու համար։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք ուզում է ասել, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ստատուս գրո՞ղ է՝ Անահիտ Մանասյանը պատասխանեց.
«Ես, բնականաբար, ո՛չ պարոն Թաթոյանի, ո՛չ Մարդու իրավունքների այլ պաշտպանի վերաբերյալ գնահատական չեմ տվել, բացառիկ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր գործընկերներին»։