27/04/2023 18:07
Դատավորի մասին ֆեյսբուքյան գրառման համար Գագիկ Համբարյանին մեղադրանք է ներկայացվել, վարույթի նյութերը պատրաստվում են ուղարկել դատարան
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գ.Հ.-ի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ունենալով անհամաձայնություններ և դժգոհություններ դատավոր Լ.Խաչատրյանի կողմից նախկինում կայացված դատական ակտերի վերաբերյալ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով վերջինիս նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ 2023թ. մարտի 29-ին Գ.Հ.-ն իր կողմից օգտագործվող «Gagik Hambaryan” ֆեյսբուքյան անհատական էջով՝ հանրությանը հասանելի ռեժիմով կատարել է հրապարակում՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ՝ կից տեղադրելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի լուսանկարը: Հրապարակումը, որում հիշյալ դատավորի հասցեին վիրավորական մի շարք արտահայտություններ էին օգտագործվել, իր հերթին շրջանառության մեջ է դրվել մի շարք լրատվական կայքերի կողմից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»: