27/04/2023 14:45
ԱՄՆ-ն և Ֆրանսիան ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում «ազնիվ միջնորդի» դերի հայտը. ՌԴ ԱԳՆ
Ֆրանսիան և ԱՄՆ-ն ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում «ազնիվ միջնորդի» դերի հայտը, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքան գիտեմ, ԱՄՆ-ի և Եվրամիության, մասնավորապես, Ֆրանսիայի ներկայացուցիչները, այսպես կոչված, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում «ազնիվ միջնորդի» դերի հայտեր են ունեցել։ Կարծում եմ՝ ձախողել են այս հայտերը»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների՝ բոլորին համոզելու փորձերը, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց՝ պարբերական հակառուսական հարձակումներով։
«Նման հայտարարությունները չի կարելի դասել կառուցողական աշխատանքի շարքին։ Նման հայտարարություններն ուժեղացնում են մեր այն զգացումը, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական նկրտումները պատեհապաշտական և քաղաքականացված են և ուղղված են խաթարելու Ռուսաստանի դիրքերը։ Տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին հոգալը նրանց ծրագրերի մեջ չի մտնում», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։