27/04/2023 15:00
«Քովիդի գործով» կալանավորված Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը կալանավորվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով, ազատ կարձակվի։
«Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի որոշումը. Գևորգ Սիմոնյանը շուտով ազատության մեջ կլինի», - Aysor.am-ին ասաց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը նույնպես կալանավորվել էր, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորված են նաև մի շարք այլ անձիք։
Հիշեցնենք, որ «Քովիդ»-ի ժամանակ արտակարգ դրություն սահմանվեց ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Այդ ժամանակ Առողջապահության նախարար էր Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով՝ իր համար տարօրինակ է, որ մինչ օրս ինքն ու Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը չեն հարցաքննվել։