27/04/2023 17:09
Վերաքննիչ դատարանը «պատմության ուսուցչի գործով» կայացրել է արդարացման դատավճիռ
Վերաքննիչ դատարանը (դատական կազմը՝ դատավորներ Մ. Արղամանյան, Գ. Հովհաննիսյան և Ռ. Պապոյան) բավարարել է «Պատմության ուսուցչի գործով» վերաքննիչ բողոքը, բեկանել առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրել արդարացման դատավճիռ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ դատավոր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։
«Հիշեցնեմ, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով (նախագահող՝ դատավոր Մ. Մարտիրոսյան) «բռնության կոչերի» քաղաքական հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվել էր տուգանքի»,- Facebook-ում գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։
Համաձայն դատախազության մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։
Լուսանկարը՝ «Հետք»-ի