27/04/2023 09:36
«Հրապարակ». Զանգեք Արցախի իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի շուրջ օղակը գնալով սեղմվում է, և Արցախը կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև, սակայն պետական որոշ այրեր կարծում են, որ ստեղծված իրավիճակի մասին կարծիք հայտնելը կնշանակի խառնվել քաղաքականությանը։
Երեկ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին վրդովվեցրեց մեր զանգը: Նա ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում, գրավոր հարցերի մասին էլ ասաց․ «Դուք տեսնում եք, որ ես քաղաքական դաշտում չկամ, հիմա ի՞նչ` ուզում եք դո՞ւք լինեք առաջինը»։
Դիտարկմանը, որ Արցախի գոյության հարցն է դրված, դա չի ենթադրում քաղաքականության մեջ լինել, ասաց․ «Հիմա դուք հարցաքննելո՞ւ եք ինձ, ես չեմ հասկանում։ Սա անընդունելի է, երբ անծանոթ լրագրող զանգում է, դուք որտեղի՞ց գիտեք իմ համարը»: Ինչո՞ւ` պետական գաղտնի՞ք է։ «Հա, իմ համարը պետական գաղտնիք է, ես չեմ սիրում, երբ անծանոթ մարդիկ ինձ զանգում և հարցեր են տալիս...
Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք... Զանգեք Արցախի իշխանություններին։ Այն, ինչ ես անում եմ, չեմ ուզում հանրայնացնել։ Աշխատում ենք այստեղ, փորձում ենք մի բան փոխել, բայց ես չէի ուզենա մեկնաբանություններ տալ այդ հարցերի շուրջ»։ Հասկանալի է, որ այս մարդկանց համար առավել կարևոր է իրենց կուտակած ահռելի ունեցվածքը, որը չեն ուզում հարվածի տակ դնել` գործող իշխանությունների հասցեին քաղաքական հայտարարություններ անելով»։