27/04/2023 14:08
Կարևոր է, որ Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ համաձայնագրերի հիմնական հուն վերադարձնելու համար։
Նրա խոսքով` քայլեր են արվում ինչպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի «տեղում», այնպես էլ քաղաքական մակարդակով։
«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը՝ այդպիսով ապահովելով միջանցքի բնականոն գործունեությունը:
«Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի»,- ասել էր նա։