27/04/2023 13:05
Կապանի օդանավակայանում «L410» օդանավով ևս մեկ փորձնական թռիչքի կարիք կարող է լինել (Տեսանյութ)
Կապանի օդանավակայանում երեկ բարեհաջող վայրէջք է կատարել փորձնական թռիչք իրականացրած «L410» տեսակի օդանավը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ առաջին գնահատականը հետևյալն է՝ ամեն ինչ ընթացել է բարեհաջող։
Թռիչքը տևել է 46 րոպե։
«Եթե սկսենք ունենալ կանոնավոր թռիչքներ, կարծում ենք, 4-5 րոպե ավելի կարճ կտևի, որովհետև սա փորձնական էր, մի քիչ ավելի դանդաղ էր ընթացքը։ Երկու-երեք շաբաթ կվերլուծենք, որից հետո մնացած գործընթացները կիրականացնենք», - կառավարության նիստում ասաց Սանոսյանը։
Նա նշեց, թե չի բացառվում, որ ևս մեկ անգամ փորձնական թռիչքի կարիք լինի։
«Կապանի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունելուն, մեր նպատակն է գնալ նրան, որ ունենանք կանոնավոր փոխադրումներ», - ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ երեկ Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել «L-410–UVP E20» չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար։