27/04/2023 09:50
«Ժողովուրդ». Նախարարի խոստացած կոնդիցիոներներով մեքենաները դեռ կանգնած են, իսկ կալանավորները դեռ կմնան ճանապարհներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս մեկ ամիս առաջ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր. «Դատապարտյալների ապահով և անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա ենք ձեռք բերել, նախկին՝ ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով»: Նախարարի այս հայտարարությունից անցել է մեկ ամիս, սակայն դատապարտյալների կյանքում ոչինչ չի փոխվել։
Ապրիլի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը Հակակոռուպցիոն դատարանում արձանագրեց, որ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուս պաշտոնատար անձանց գործով դատական նիստի օրը «Վիլիս» մակնիշի 4-տեղանոց ավտոմեքենայի մեջ 5 նախկին պաշտոնյաներին մի կերպ խցկել էին ու ԱԱԾ մեկուսարանից բերել դատարան:
«Վիլիսի» մեջ էին ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զու գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ նախկին պաշտոնյա Ավետիք Մուրադյանը, գործարար Դավիթ Գալստյանը և ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Ավտոմեքենայի հետ կապված խնդրով պայմանավորված՝ անգամ դատական նիստը մեկ ժամով վերոնշյալ պաշտոնյաների մասով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը նախկին պաշտոնյաներին տեղափոխող «Վիլիս»-ը փչացել էր:
Այս խնդրի առնչությամբ մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ եղան նախարարի խոստացած «Ֆորդ տրանզիտ»՝ կոնդիցիոներով ավտոմեքենաները: Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին՝ առաջիկայում ազատազրկված անձանց դատական նիստերի կամ հիվանդանոցներ տեղափոխելու գործառույթը կտրվի Քրեակատարողական ծառայությանը:
Հավելենք, որ ներկայումս ծառայությունն իրականացնում է ոստիկանությունը իր ավտոմեքենաներով: Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, կկազմակերպվի վերապատրաստման պրոցես, որից հետո ՔԿ ծառայությունը ամբողջությամբ կիրականացնի դատապարտյալներին և կալանավորներին դատական նիստերի կամ հիվանդանոց տեղափոխելու գործընթացը: Ասել է թե՝ նախարարի խոստացած կոնդիցիոներներով մեքենաները դեռ կանգնած են, վերապատրաստված վարորդներ չկան, իսկ կալանավորները դեռ կմնան ճանապարհներին»։