27/04/2023 09:47
«Հրապարակ». ՊՆ-ն 11 մլն 735 հազար դրամի AWI ապրանքանիշի 713 հատ ժամացույց է գնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը ապրիլի 13-ին պայմանագիր է ստորագրել «Էյ դաբլյու այ գրուպ» ՍՊԸ-ի հետ և գնել խորհրդանշական նվերներ, ավելի կոնկրետ՝ AWI ապրանքանիշի ժամացույցներ, որոնց ընդհանուր գինը կազմում է 11 մլն 735 հազար դրամ։ Այդ գումարով պաշտպանական գերատեսչությունը գնել է տարբեր արժողության 713 հատ ժամացույց, որի թվում են 9 հազար դրամից մինչև 68-75 հազար դրամանոց ժամացույցներ։ Ի դեպ, գնումը ՊՆ-ն կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Այս ընկերության արտադրած ժամացույցներն է կրում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին` այստեղից պատվիրում և գնում են ժամացույցներ` նվիրելու նպատակով, որպես վարչապետի կողմից անվանական նվերներ: Այսինքն՝ ընկերությունն իշխանությունների կողմից լայն աջակցություն ունի ու արտոնյալ կարգավիճակ։
AWI ընկերությունը հիմնադրվել է 2001թ., սփյուռքահայ գործարար, բարերար, ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանի կողմից, ով Արցախբանկի տնօրենների խորհրդի անդամ է և շվեյցարական հայտնի ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը»։