27/04/2023 12:55
Գեղարքունիքում ջրային պարեկները կպայքարեն նաև ձկնագողության դեմ
Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Պարեկային ծառայության կազմում մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում:
Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, թե ջրային պարեկները արձագանքելու են նաև վարչական այլ իրավախախտումների ու հանցագործությունների։
«Խոսքը հատկապես վերաբերում է Սևանա լճի ավազանում ձկնագողության դեպքերին, ուստի, այս առումով, ջրային պարեկների ներկայությունը կանխարգելիչ մեծ նշանակություն կունենա», - նշեց նա։
Ծառայությունը կգործի վաշտի կարգավիճակով, նախնական՝ 95 հաստիքով։
Ստորաբաժանումը կունենա չորս հենակետ՝ «Շողակաթ հանրային», «Արծվանիստ», «Գեղամա լողափ» և «Թերակղզի հանրային»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ձեռք են բերվելու «սկուտերներ», մոտորանավակներ։
«Մենք խնդիր ունենք Սևանա լճի ամբողջ մակերեսը ծածկելու ծառայությամբ», - նշեց վարչապետը։