27/04/2023 09:52
«Փաստ». Չեն հասցնում հերքել Փաշինյանի մի սուտը, երբ նա արդեն երկու ուրիշ նորն է հրապարակ նետում
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն հինգ տարի է, ինչ բացահայտ սուտը, նաև՝ ակնհայտ կեղծիքը իշխող ուժի հիմնական գործելակերպն են, ավելին՝ անգամ հասցվել են «պետական քաղաքականության» մակարդակի: Այնպես չէ, որ քաղաքականության մեջ մնացած բոլորը բացառիկ ճշմարտախոսներ ու ճշտապաշտներ էին, են կամ հետագայում եկողներն այդպիսին են լինելու: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական խմբավորման պարագան այլ է: Այստեղ նրանք անգերազանցելի են: Ի՞նչն է հատկանշական: Օր չի անցնում, որ մամուլը, ամենատարբեր քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, փորձագետներ, պարզապես՝ բանիմաց մարդիկ չհերքեն Փաշինյանի արած այս կամ այն արտահայտությունը, ասածը, պնդումը:
Ասենք, ինչո՞ւ միայն Փաշինյանի: Նաև՝ նրա «պայմանագրային» կուսակցության նկատելի դեմքերի հայտարարությունները, ասածները, պնդումները: Օր չի անցնում, որ նրանց ստերը չբացահայտվեն: Նիկոլ Փաշինյանը ստի նախադասությունը դեռ նոր ավարտած, հաջորդում են հերքումն ու բացահայտումը: Ժողովրդական խոսք է՝ ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ: Բայց այստեղ... «բայց»-եր կան: Բանն այն է, որ չեն հասցնում հերքել կամ բացահայտել Փաշինյանի մի սուտը, երբ նա արդեն երկու ուրիշ նորն է հրապարակ նետում կամ նորից, ավելի ճոխացրած տարածում նախկին՝ արդեն ոչ մեկ անգամ հերքված սուտը: Ի՞նչ եք կարծում՝ ինքը չգիտի՞, որ ստում է, որ կեղծում կամ նենգափոխում է փաստեր, եղելություններ: Լավ, ենթադրենք, նրա անվան խմբակցության որոշ անդամներ չգիտեն, բացառիկ անտեղյակության մեջ են, այսպես ասած՝ ինչ ձեռքները տալիս են, հնազանդ, երբեմն առանց հասկանալու կարդում են (ենթադրենք):
Բայց ինքը գիտի, չէ՞, որ ստում է: Ինչպե՞ս չիմանա, եթե դա հատուկ է անում: Կանխամտածված: Մինչ այս, մինչ այն, այդ սուտը տարածվում է: Մինչ դուք (մենք) ընկնում եք այդ մեկը բացահայտելու ետևից, տարածվում է երկրորդ սուտը, հետո՝ երրորդը, չորրորդը: Ինքը նաև շատ լավ գիտի, որ ցանկացած սուտ անհամեմատ արագ ու շատ է տարածվում, քան դրա հերքումը: Ավելին՝ հերքումներով էլ է տարածվում: Իսկ որոշակի թվով մարդիկ «ականջ են կախում» այդ ստերին: Ստի քաղցրությունը դուրեկան թմբիր է, իսկ ճշմարտության դառնությունը դաղում է: Գուցե ստի ու ինքնախաբեության մեջ ավելի հեշտ է ապրել: Բայց դա երևի մինչև այն պահը, երբ վրա է հասնում դաժան իրականությունը...»։