27/04/2023 10:23
«Ժողովուրդ». Կառավարությունը դեռ չի որոշել՝ ինչպես է վարվելու Հռոմի ստատուտի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը դեռ չի որոշել՝ ինչպես է վարվելու Հռոմի ստատուտի հետ: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։
Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաև այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաև դեմ է գնում ՌԴ-ին, և Արևմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երևան մտնի: Եվ, ահա, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս, ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հասկանալու համար, թե երբ է այն ուղարկվելու խորհրդարան: Հետաքրքիր է, որ կառավարությունը մեկ ամիս ժամկետ է խնդրել մեր հարցին պատասխանելու համար: Ինչպես նշեցինք, կառավարությունը երեք ամիս ուներ որոշում կայացնելու համար. մեկ ամիսն անցել է: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»։