27/04/2023 12:12
Մարդիկ ասում են՝ «վա՜յ, 10 միլիարդ դոլար պարտք ունենք». 10 միլիարդ դոլարը թեթև պարտք է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության պարտքը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ՝ 10 միլիարդ 86 միլիոն դոլար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ սա հանրության համար հետաքրքիր ու զգայուն թեմա է։
«Մարդիկ ասում են՝ «վա՜յ, 10 միլիարդ դոլար պարտք ունենք»։ Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ՝ շատ թեթև պարտք ունենք, ըստ էության՝ 46 տոկոսով Հայաստանը համարվում է թեթև պարտքային բեռ ունեցող երկիր, այս տրամաբանութամբ մենք պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին ու մեծ պարտք ունեցող երկրների։ Հայաստանն իր տնտեսական աճի շնոհիվ գերադասվում է թեթև պարտք ունեցողների շարքում»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե անհրաժեշտության դեպքում պետական շատ կարևոր ծրագրերի համար կառավարությունը կարող է նոր գումարներ ներգրավել։
«Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք մենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար։ Շատ կարևոր է, որ մենք մեր պարտքն օգտագործում ենք կապիտալ ներդրումներ իրականացնելու համար», - ասաց վարչապետը։