27/04/2023 11:09
Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա, արդեն, պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրությունը այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում։
«Բայց կարևոր է նաև արձանագրել այս և դրան նախորդած մի շարք գործողությունների իրական ու խորքային նպատակը։ Այդ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելն է ու հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան», - նշեց նա։