28/04/2023 19:28
Մեր բոլոր դաշտերն իրենց նշանառության տակ են, հաճախ են կրակում բնակիչների վրա․ Նախիջևանիկի համայնքապետ
Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դաշտավայրում ադրբեջանցիների կողմից թիրախավորված բնակիչը չի տուժել։ Տրակտորը, որով բնակիչը դեպքի պահին կատարում էր գյուղատնտեսական աշխատանքները, նույնպես չի վնասվել, News.am-ին ասել է Նախիջեւանիկի համայնքապետ Սեւակ Պետրոսյանը։
«Տասը րոպեի ընթացքում հինգ-վեց անգամ կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ անող բնակչի ուղղությամբ։ Այդ ընթացքում նա կարողացել է դուրս գալ տրակտորից»,- ասել է Պետրոսյանը։
Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանական դիրքերը, որից կրակ են արձակել բնակչի ուղղությամբ, մոտ 1 կմ հեռավորության վրա են։
«Մեր բոլոր դաշտերը իրենց նշանառության տակ են։ Հաճախ են կրակում բնակիչների վրա կամ թեկուզ օդ են կրակում, բայց մենք չենք կարող չաշխատել»,- ասել է Սեւակ Պետրոսյանը։
Համայնքապետի խոսքով՝ անասուններն արածելու ընթացքում հաճախ անցնում են հակառակորդի կողմից վերահսկվող տարածք, նրանք էլ հետագայում չեն վերադարձնում կենդանիներին, այդպես մի քանի տասնյակ անասուն են կորցրել։
Հիշեցնենք՝ այսօր, ժամը 12:15-ին, Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ խաղաղ բնակիչը հայտնվել է հակառակորդի թիրախում, նրա ուղղությամբ կրակել են ադրբեջանական մարտական դիրքերից։