28/04/2023 20:04
«Կիբելրտեսության ոլորտում ԱՄՆ-ին գերազանցող չկա», «Չինաստանի հաքերային ծրագիրն ամենամեծն է աշխարհում»․ ԱՄՆ-ն ու Չինաստանը վիճում են՝ ով է ավելի վտանգավոր կիբերտարածությունում
ԱՄՆ-ն անգերազանցելի է միջազգային կիբերլրտեսության գործում, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Դիվանագետն այսպես է արձագանքել Միացյալ Նահանգների մեղադրանքներին, ըստ որոնց կիբերտարածությունում Չինաստանից բխող սպառնալիքն «իրեն հավասարը չունի»։
«Կիբելրտեսության ոլորտում ԱՄՆ-ին ոչ ոք չի կարող գերազանցել։ Նրանք երկար ժամանակ է՝ օգտվում են իրենց տեխնոլոգիական գերակայությունից և լայնամասշտաբ գաղտնալսումներ են իրականացնում, լրտեսում են բոլոր երկրներին, այդ թվում՝ իրենց դաշնակիցներին։ Միացյալ Նահանգների հաքերային գործունեությունը վաղուց բացահայտված գաղտնիք է, ուստի այլ երկրներին մեղադրելուց առաջ ԱՄՆ-ն ավելի ճիշտ կանի՝ ինքն իրեն լավ զննի հայելու մեջ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նշենք, որ այս ոլորտում Ամերիկայի կողմից Չինաստանին ուղղված վերջին մեղադրանքը հնչեցրել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ ասելով, որ Միացյալ Նահանգները 50 անգամ զիջում են Չինաստանին՝ կիբերտարածությունում պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվող մասնագետների թվով։ Նրա խոսքով՝ Չինաստանի կողմից առկա կիբերսպառնալիքի մասշտաբներն աննախադեպ են, իսկ Չինաստանի հաքերային ծրագիրն ավելի մեծ է, քան մյուս բոլոր խոշոր երկրներինը՝ միասին վերցրած: