28/04/2023 19:01
Իրանն ընդլայնում է մասնակցությունը ՇՀԿ-ի ռազմածովային զորավարժություններին
Իրանը ցանկանում է ընդլայնել մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների կողմից անցկացվող ռազմածովային զորավարժություններին, Նյու-Դելիում ՇՀԿ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Իրանը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը ՇՀԿ երկրների հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը, անվտանգության ոլորտում և ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում տեղեկատվության փոխանակումը»,- Աշտիանիի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է նաև ՇՀԿ քարտուղարության շրջանակում հատուկ մարմնի՝ «Շանհայի ծովային անվտանգության գոտի» ստեղծելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դրա իրավազորության ներքո պետք է լինի ծովային առևտրային ուղիների անվտանգության պահպանումը, առաջին հերթին՝ Հնդկական օվկիանոսում։
Նշենք, որ 2001 թվականին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներ են հանդիսանում Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանն ու Մոնղոլիան դիտորդ երկրների, իսկ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան ու Շրի-Լանկան՝ գործընկեր երկրների կարգավիճակ ունեն։