28/04/2023 12:33
Ֆրանսիայի և ԵՄ-ի միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնումն է․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրամիության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։
«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա լուծելու մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։ Այդ իսկ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ ու որի նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի իրավիճակի մասին»,- ասել է նա։
Կոլոնայի գնահատմամբ՝ առաքելությունը շատ օգտակար է, և առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու են առաջ գնալ խաղաղության ճանապարհով։
«Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, բայց տեղում սեփական աչքերով տեսնելն էլ շատ կարևոր է։ Այս այցով ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին», - նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։