28/04/2023 19:44
Հեղափոխությունը, որով սրանց պետք է վռնդենք իշխանությունից, պետք է կոչվի «Արժանապատվության հեղափոխություն»․ Էդգար Ղազարյան
Ազատության հրապարակում ընթանում է «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանրահավաքին իր ելույթում թվարկեց Նիկոլ Փաշինյանի կողմից արված ստերը․ «Տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը կհանվեն, մարդիկ այլևս դրա համար չեն տուգվի»։
«Տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը ոչ միայն չեն հանվել, այլ դրանց քանակն ավելացել է։ եթե որոշ ճանապարհներին կամ խաչմերուկներին չկային դրված, ապա հիմա բոլոր տեղերում ավելացվել են։ Իսկ տուգանքները ոչ միայն չեն վերացվել, այլև մարդիկ ստիված են եղել վճարել նախկին տուգանքներն ու նոր արագաչափերի ու նկարաանող սարքերի տուգանքները նույնպես։ Մինչդեռ ասում էր՝ «քաղաքացիներն այլևս տուգանքի մատերիա չեն լինելու»,- ասաց նա՝ հավելելով՝ միայն արտակարգ դրության պայմաններում դիմակներ չկրելու համար մոտավորապես 200 000 տուգանքի ակտ է գրվել, օրենքով սահմանված տուգանքի ոչ մի տեսակ չկա, որ վերացված լինի։
Ղազարյանը հիշեցրեց մեկ այլ սուտ․ «Տնտեսության կառուցվածքը կփոխվի հանքարդյունաբերությունը կվերանա»։
«Բացի նրանից, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ մեր տնտեսության կարևորագույն ճյուղը, որոշ պարագայում հանքերը դարձել են թիրախ թշնամու համար։ Օրինակ՝ Սոթքի հանքավայրը, ըստ վերջին տվյալների, անցել է պարապուրդի , քանի որ թշնամական գործողությունները թույլ չեն տալիս շահագործել հանքը։ Բայց իրենք որոշել են շահագործել Ամուլսարի հանքավայրը», ընդգծեց Էդգար Ղազարյանը։
Հաջորդը սուտը, նրա խոսքով, վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն։
«Այս խոստումը տված մարդն ինքը չի բանակցում Արցախի շուրջ այլևս։ Արցախի շուրջ բանակցություններ այլևս տեղի չեն ունենում, որովհետև այս խոստումը տված մարդը, բացի նրանից, որ ոչինչ չի արել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար, պարզվում է, որ ինքը նույնիսկ չի էլ բանակցել, ինչի մասին օրերս հայտարարեց Խորհրդարանում», խոսքը շարունակեց քաղաքական գործիչը՝ թվարկելով իշխանության ղեկավարի կողմից հնչեցված պոպուլիստական այլ թեզեր ևս․
«Ասում էր՝ աղքատությունը պետք է ջնջվի: Նրա իշխանության օրոք աղքատությունը ոչ միայն ավելացել է, այլև ավելացել է ծայրահեղ աղքատությունը, բնակչության 20 տոկոսը համարվում է սովահար:
Ասում էր՝ վենդետա չի՛ լինելու․ սա ասողը հասել է այն բանին, որ մարդիկ վախենում են գալ հանրահավաքների, վախենում են ուրիշների գրառումների տակ «լայքեր» դնել, որովհետև պետական կառավարման համակարգը զբաղված է միայն վենդետայով:
Խոստացել էր, որ շաքարավազի մենաշնորհը կվերանա, այլևս հայտնի գործարարը չի ներմուծի շաքարավազ, կամ կլինեն այլ ներմուծողներ…»։
Բազմաթիվ այլ չկատարված խոստումներ թվարկելուց հետո Էդգար Ղազարյանն ասաց, որ դրանցից ընդամենը մեկն էլ բավական է, որ Փաշինյանը հեռանա իշխանությունից։
«Թվարկածներից ցանկացած մեկը բավական է, որպեսզի պետության ղեկավարը հրաժարական տա, ռադը քաշի, գնա: Պետության ղեկավարը, որը պատասխանատու է պետության անվտանգության համար, Կառավարության նիստում ասում է՝ «մենք անվտանգության հարցում ձախողել ենք», ու այդ ասողը մնում է իշխանության ղեկին: Հեղափոխությունը, որով մենք սրանց պետք է վռնդենք իշխանությունից, պետք է կոչվի «Արժանապատվության հեղափոխություն»։ Դրան պետք է մասնակցեն մարդիկ, որոնք ունեն արժանապատվություն, որոնք չեն կարող հանդուրժել խաբեբային, որ իշխի իրենց, որոնք չեն կարող հանդուրժել այս իրողությունը, իսկ այս իրողությունը դավաճանություն է։ Դավաճաններին վռնդում են ու պատժում: Հայրենիքի գո՛ղ, քեզ սպասվում է վռնդում և պատիժ»,- հայտարարեց Էդգար Ղազարյանը։