28/04/2023 13:32
Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն աշխատում էր «Aspar Boutique Hotel»-ում
Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանը գործատուի հետ խնդիրներ էր ունեցել իր կատարած արարքի համար: Նա ազատվել էր աշխատանքից:
«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում», - Aravot.am-ին պատմել էր Սամվել Վարդանյանը:
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ հյուրանոցը որտեղ աշխատել է Սամվել Վարդանյանը գտնվում է Սայաթ- Նովա փողոցում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի հարևանությամբ։ Խոսքը՝ «Aspar Boutique Hotel»-ի մասին է։ Հյուրանոցը բացվել է տարվա սկզբին։
Կայքից զանգահարել են նշված հեռախոսահամարով։ Գրանցված հեռախոսին պատասխանող անձն ասել է, որ աշխատակիցն է հյուրանոցի, որեւէ տեղեկություն չունի, չի տեսել ոչ մի տեսանյութ։
«Ես նման տվյալներ չեմ կարող տալ ձեզ։ Մենք, ճիշտն ասած, տեսանյութից բողոքներ չենք ստացել», - ասել է հյուրանոցի աշխատակիցը։
«Բոլոր հարցերին տվյալ աշխատակիցը տալիս էր նույն պատասխանը, միայն ասաց, որ ներկա պահին Սամվել Վարդանյանի հետ իրենք կապ հաստատել չեն կարողանում, վերջինս էլ՝ իրենց հետ կապի դուրս չի եկել։ Խնդրեցինք փոխանցել հեռախոսը հյուրանոցի տնօրեին, ասաց՝ տեղում չէ», - գրել է կայքը։