28/04/2023 13:37
Ակնկալիք ունենք, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում Ֆրանսիայից աջակցություն կստանանք. ԱԽ քարտուղար
Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ֆրանսիան բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին ու շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով», - ասել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն կա, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում։
«Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Բնականաբար, սա քննարկում ենք նաև Ֆրանսիայի հետ և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։