28/04/2023 10:18
«Ժողովուրդ». 2019թ. հետո Փաշինյանի թիմակիցներն իրենք են մոռացել իրենց հռչակած տոնի մասին և իրենց թույլ են տալիս թքել քաղաքացու դեմքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը՝ ապրիլի 29-ին, գործող իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Դեռևս 2019թ.-ին Ազգային ժողովը ընդունեց Կառավարության առաջարկած ««Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվեց որպես Քաղաքացու օր:
Հետաքրքրական է, որ Քաղաքացու օրը այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ 2019 թվականին է նշվել. այդ օրը Նիկոլ Փաշինյանը և մյուս պաշտոնյաները փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խորոված-փարթի էին կազմակերպել։ 2019թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենք են մոռացել իրենց հռչակած տոնի մասին և իրենց թույլ են տալիս թքել քաղաքացու դեմքին Երևանի կենտրոնում կամ սպառնում են կտրել մարդկանց ականջներն ու լեզուն, ինչպես ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2020թ.-ին Քաղաքացու օրը չնշվեց համավարակի պատճառով, իսկ 2021թ.-ին՝ պատերազմի:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի այն կրկին մեծ շուքով կնշվի:
Այսպիսով, ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացանք, որ այդ օրը բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավորներից տեղեկացավ, որ պատգամավորներն անձամբ կմասնակցեն այդ միջոցառումներին, կմեկնեն մարզեր կամ Երևանում կլինեն՝ ըստ ցանկության: Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին, բայց թե որտեղ, կառավարությունից ասացին, որ դեռևս հստակեցված չէ: Երևի թե միջադեպերից խուսափելու համար Փաշինյանի գտնվելու վայրը նախապես չեն ասում»։