28/04/2023 12:25
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն կհիմնվի. Կատրին Կոլոնա
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։
Նա նշել է, թե Ֆրանսիան վճռականորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերին։
«Հայաստանի կողմից ժողովրդավարական մոդելի խիզախ ընտրությունը պետք է ստանա աջակցություն, ինչին մենք հավատարիմ ենք միջազգային հանրության այլ անդամների և Եվրամիության հետ միասին:
2021 թվականի դեկտեմբերին ստորագրեցինք նաև տնտեսական համագործակցության հավակնոտ ճանապարհային մի քարտեզ, և վերջերս Փարիզում կազմակերպեցինք «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» ֆորումը, ինչպես նաև Երևանում բացեցինք Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակ։ ԶՖԳ-ն արդյունավետ երկխոսություն է վարում Հայաստանի իշխանությունների հետ՝ իրականացնելու նոր ծրագրեր, մասնավորապես, ջրի և կայուն էներգիայի ոլորտներում: Անցած տարի զգալիորեն աճել են մեր երկկողմ առևտրի ծավալները։
Մեր երկկողմ առևտուրը զգալիորեն աճել է անցյալ տարի, և մենք աշխատում ենք այնպես անել, որ այս միտումը շարունակվի, այդ թվում՝ աջակցելով ֆրանսիական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպիսիք են Վեոլիան, Պեռնո Ռիկարը, Քարֆուրը և Ամունդի-Ակբան:
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։