28/04/2023 11:55
Ազգային ինքնապահպանման բնազդը մեզ մղում է դեպի ըմբոստացում. դիմադրությունն այլընտրանք չունի. ՀՅԴ
Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշիի մատույցներում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը, դեպի Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակումը, արցախահայության նկատմամբ անցնող ամիսների ահաբեկչական բնույթի գործողություններն այդպես էլ համարժեք հակազդեցության չարժանացան ՀՀ իշխանության և միջազգային դերակատար ուժերի կողմից։ Այժմ էլ Ադրբեջանը դիմել է նոր սանձարձակության՝ սահմանային հսկիչ անցակետ տեղադրելով Կոռնիձորի կամրջի հատվածում։
Ակնհայտ է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական կողմի սադրիչ և սանձարձակ քայլերն ու գործողությունները նպատակաուղղված են Արցախի հայաթափման ցեղասպան քաղաքականության իրականացմանը։
Ադրբեջանը շարունակաբար նորանոր պահանջներ է ներկայացնում և սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին՝ այդ ամենը զուգորդելով ուժի կիրառման սպառնալիքների հետ։
Ի տես այս իրողության` Հայաստանի օրվա իշխանությունները շարունակում են վտանգավոր հայտարարություններով, խաղաղասիրական կեղծ թեզերով և հանցավոր անգործությամբ, փաստացի ու այլևս բացահայտ կերպով հրաժարվել Արցախի և արցախահայության անվտանգության, իրավունքների և շահերի երաշխավորի սահմանադրական պարտավորություններից։
Ավելին՝ Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային քաղաքականությունը ոչ միայն Արցախի և Հայաստանի անվտանգային հարցերում է կործանարար։ «Նոր դիտանկյունից» փորձ է արվում վերարժևորել, իսկ իրականում արժեզրկել ազգային-գաղափարական, ռազմավարական հիմնասյուները։
Շարունակաբար և հետևողականորեն թիրախավորվում են Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց ազգային, մշակութային արժեքներն ու պատմությունը, բացահայտ կերպով ոտնահարվում են հայության անժամանցելի իրավունքները, սերունդների պայքարն ու դրա արդյունքները։ Դրա վառ ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետի ելույթը «պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը» փոխելու անհրաժեշտության ու իբր «հայրենասիրության մեր սեփական, […] մեր պետական մոդելի ստեղծման» առաջադրանքի մասին, իսկ իրականում՝ «Հայոց Ցեղասպանության» միջազգային եզրույթից փաստացի հրաժարումը։ Այս ճամարտակությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ թուրքական տեսակետների սպասարկում և Թուրքիայի նախապայմանների բավարարում, այսպես կորչված «առանց նախապայմանների» «լիարժեք կարգավորմանն ուղղված» բանակցությունների գործընթացում։
Սեփական նախընտրական ծրագիրն ուրացած, բայցև ժողովրդի մեկ հատվածին այդ ծրագրով մոլորեցնելու ճամփով իշխանությունը պահպանող քաղաքական ուժին ո՛չ ոք իրավունք չի տվել ապազգայնացնելու և ինքնիշխանությունից զրկելու մեր պետությունը։
Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ցանկացած անցակետի տեղակայումը միանշանակ անընդունելի է, հակասում է միջազգային իրավունքին և որևէ պարագայում այդպիսի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ։
Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։
Հ.Յ.Դաշնակցությունն իր բոլոր հնարավորություններով և հնարավոր բոլոր հարթակներում հետամուտ է միջազգային հանրության և պատկան կառույցների հասցեական գնահատականի ու համարժեք արձագանքի ապահովմանը, ինչպեսև հայտարարություններից անդին գործուն քայլերի իրականացմանը։
Մեր աչքի առջև է մեզ համար նախապատրաստված աղետն ու արհավիրքը։ Ազգային ինքնապահպանման բնազդը մեզ մղում է դեպի ըմբոստացում։ Դիմադրությունն այլընտրանք չունի։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է նպաստել մեր փառապանծ բանակի հզորացմանը։
Վերջին տարիներին Հ.Յ.Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ միասնականության ու համախմբման կոչ է արել, որը, ցավոք, հաճախ մնացել է անարձագանք։ Եվս մեկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծությունները և հայրենիքի օրհասական այս պահին միավորվել՝ ներքին ու արտաքին վտանգին դիմակայելու, պետության ինքնիշխանությունը պահպանելու և հզոր Հայաստան կերտելու համար»,- ասվում է հայտարարությունում։