28/04/2023 10:55
Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ
Ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ տարածաշրջանում, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շրջանում նկատվում է ՄԻԱՎ-ով վարակվածության աճ, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի ակտիվորեն հայտնաբերենք ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց և ընդգրկենք բուժման մեջ, այդպիսով մարդիկ ժամանակին կստանան իրենց հասանելիք բուժումը, ինչը թույլ կտա խուսափել բարդություններից և բարելավել կյանքի որակը: Բուժումը կենտրոնի կողմից տրամադրվում է անվճար՝ պետական և միջազգային ֆոնդերի աջակցությամբ», - նշեց Աթոյանը։
Տնօրենի խոսքով՝ ժամանակին բուժման դիմելը կարևոր է, քանի որ ներկայիս դեղորայքը՝ հակառետրովիրուսային, բավականին արդյունավետ է և ճնշող մեծամասնության դեպքում հնարավոր է լինում հասնել ռեմիսիայի։ Այսինքն՝ մարդն ապրում է իր կյանքով և չունի ՁԻԱՀ-ի փուլ անցնելու վտանգ։
«Ներկայումս աշխարհում մինչև 2025թ. սահմանվել է նոր նշաձող ՄԻԱՎ-ի վերահսկման համար, այն է՝ երեք 95-երը, ինչը ենթադրում է ՄԻԱՎ ունեցող մարդկանց առնվազն 95%-ի հայտնաբերում, հայտնաբերվածներից առնվազն 95%-ին բուժման մեջ ընդգրկում, բուժման մեջ գտնվողներից առնվազն 95%-ի մոտ վիրուսի քանակային ընկճում։
Այս առումով մենք լավ առաջընթաց ունենք։ Ցավոք, դեռևս 95-ի չենք հասնում, բայց առաջին ցուցանիշով 82 է մեզ մոտ, այսինքն՝ հնարավոր առկա վարակակիրների 82 տոկոսը, վերջին տվյալներով, հայտնաբերված են և մարդիկ ստանում են իրենց հասանելիք բուժումը։ Մյուս ցուցանիշները նույնպես փոքր-ինչ հետ են մնում նախանշված ցուցանիշից, բայց կենտրոնը աշխատում է ակտիվ և հնարավոր ամենը արվում է համապատասխան նիշը ապահովելու համար», - հայտնեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը։
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մարդիկ կարող են ստանալ նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում։ Եթե մարդիկ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար այլ տարբերակներից չեն օգտվում և գերադասում են ստանալ նախակոնտակտային կանխարգելում, ապա այն իրականացվում է վճարովի հիմունքներով, սակայն ցանկանում եմ նշել, որ վճարում են միայն բժշկական ծառայությունների և խորհրդատվության համար, իսկ դեղորայքը տրամադրվում է անվճար:
Իսկ հետկոնտակտային կանխարգելումը անվճար է մասնագիտական գործունեության ժամանակ հավանական վարակվածության կասկածի դեպքում (օր.՝ բուժաշխատողներ): Եթե մարդն ունի ՄԻԱՎ-ով վարակվելու կասկած, օրինակ, ունեցել է չպաշտպանված սեռական կոնտակտ, կասկածելի վարակից հետո մինչև 72 ժամվա (ցանկալի է մինչև 48 ժամ) ընթացքում նա կարող է դիմել կենտրոն և ստանալ համապատասխան դեղորայք։ Այս դեպքում գրեթե 100 տոկոսին ձգտող հավանականությամբ նրա մոտ ՄԻԱՎ վարակը բացառում ենք», - ասաց Ստեփան Աթոյանը։
Տնօրենն ասում է, որ նախկինում ավելի խտրական էր վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ.
«Չնայած շատ անելիքներ ունենք, քանի որ թե՛ բուժանձնակազմի, թե՛ հասարակության կողմից մնում է խարանի գաղափարը, բայց դրական տեղաշարժ ունենք. անելիքները դեռ շատ են»։
ՄԻԱՎ-ով վարակվելու հարցում ավելի խոցելի են արտագնա աշխատանքով զբաղվող մարդիկ և նրանց ընտանիքի անդամները, սեռական ծառայություն վաճառող մարդիկ և նրանց հետ կոնտակտ ունեցողները, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, ներերակային հոգեներգործող միջոցներ օգտագործող մարդիկ նույնպես գտնվում են ռիսկի խմբերում։
Վիրուսային հեպատիտները՝ B և C, համաճարակաբանորեն ունեն նույն փոխանցման ուղիները, ինչ որ ՄԻԱՎ վարակը, այն է՝ սեռական ճանապարհը, ներերակային ճանապարհը և մորից՝ պտղին։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ պետական ծրագիր կա հեպատիտ C-ի բուժման հետ կապված, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել կենտրոն, անցնել անհրաժեշտ հետազոտությունները և պետական ծրագրի մեջ ընդգրկվելուն համապատասխանելու դեպքում բուժում ստանալ։
Ի տարբերություն քրոնիկական հեպատիտ C-ի, քրոնիկական հեպատիտ B-ն ավելի երկարատև բուժում է պահանջում և լիարժեք առողջացման շատ քիչ դեպքեր ենք ունենում։
«Դեղորայքի միջոցով հեպատիտ B-ն կարող ենք շատ լավ վերահսկողության տակ պահել, և վիրուսի քանակը վերահսկելով մարդու կյանքի որակը բավականին բարձր պահել և չունենալ հեպատիտի բարդություններով պայմանավորված կյանքի որակի վատթարացում», - ասաց Ստեփան Աթոյանը։
Քրոնիկական հեպատիտների հիմնական՝ կյանքին սպառնացող բարդությունները լյարդի ցերոզն ու լյարդի առաջնային ուռուցքն են՝ հեպատոցելյուլյար կարցինոման, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ։
«Մարդիկ, ովքեր չեն պատվաստվել հեպատիտ B-ի դեմ, լավ կլինի, որ պատվաստվեն, քանի որ պատվաստումը միանշանակ բացառում է վարակելիությունը և հետագա խնդիրներից զերծ է պահում», - ասաց Ստեփան Աթոյանը՝ հավելելով, որ պատվաստվելու համար մարդիկ կարող են դիմել իրենց տեղամասային պոլիկլինիկաներ։