28/04/2023 09:34
«Հրապարակ». Շուռնուխցիներն իշխանական պատգամավորին ամոթանք են տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից ընտրված ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին օրերս Շուռնուխում «փառահեղ» ընդունելության են արժանացրել։ Սահմանամերձ այս գյուղի կեսը մնացել է ադրբեջանցիների հսկողության տակ։ Կառավարությունը մոտ 3 տարի առաջ խոստացել էր տնազուրկ շուռնուխցիներին ապահովել նոր տներով, սակայն չի արել, և ճանապարհը կառուցելու խոստումն էլ է մնացել անկատար՝ գյուղը Գորիսին կապող միակ ճանապարհը գրեթե անանցանելի է։ Շուռնուխցիներն իշխանական պատգամավորին ամոթանք են տվել գյուղի խնդիրները չլուծելու համար, այնքան են նեղել, որ նա գրեթե ինքնախոստովանական «ցուցմունք» է տվել՝ իր էջում թվարկել է շուռնուխցիների չլուծված խնդիրները՝ տարհանված ընտանիքների տների անավարտ աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարման, արոտավայրերի բացակայության, ջրամատակարարման խնդիրներ, ապա մեղքը բարդել համայնքային իշխանության վրա․ «Բարձրաձայնված հարցերի զգալի մասը գտնվում է համայնքի լուծման տիրույթում, իսկ բազմաթիվ բնակիչներ գոհունակությամբ նաև արտահայտվում էին այն զգալի ու կարևոր աշխատանքի մասին, որն արվել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում վերջին մի քանի տարիների ընթացքում»:
Մինչդեռ, դիցուք, նոր տների կառուցումը համայնքի հարցը չէ, այլ՝ կառավարության: Կամ` արոտավայրերի բացակայության պատճառն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ բանավոր պայմանավորվածությամբ զորքերը հետ քաշեցին Կովսականից և Սանասարից՝ Սյունիքը դարձնելով սահմանամերձ։ Հիշեցնենք, որ Շուռնուխում սահմանային ճշգրտումներից հետո հակառակորդին էր անցել 13 տուն, իսկ նոր տների կառուցման խոստումը չի իրականացվել, մինչդեռ անցած տարի Գորիսի համայնքապես Առուշ Առուշանյանը և բարերարները 7 բնակարան վերանորոգեցին համայնքային նշանակություն ունեցող շենքում և հանձնեցին տնազուրկ շուռնուխցիներին»։